Սաքսոնիայի վարչապետին ներկայացրի Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի տարածքային նկրտումները․ Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

թագուհի

«ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմով հանդիպեցինք ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերի հետ»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Վարչապետին ներկայացրի Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի տարածքային նկրտումները և վերջինիս կողմից միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։

Նշեցի, որ Արցախում բուժառուները, զրկված լինելով Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապից, հնարավորություն չունեն ստանալու պատշաճ բուժօգնություն Երևանում, ինչպես նաև, ի թիվս այլ կենսական անհրաժեշտության պարագաների, բավարար քանակությամբ դեղորայք չի մատակարարվում Արցախ, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հնարավորություն չունի ամենօրյա ռեժիմով դեղերի անհրաժեշտ խմբաքանակը հասցնել Արցախ»,- նշել է նա։

Թովմասյանի փոխանցմամբ՝ ներկաները խորը մտահոգություն ունեին թեմայի առնչությամբ և հետաքրքրությամբ լսեցին իրավիճակի նկարագրված բոլոր մանրամասնությունները։

--00—ՍՊ