Թուրքի դիրքերը կգրավենք, զենք էլ կունենանք, 90-ականների նման ենք անելու, չմտածեք․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

image_750x_642669c159c73

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ վաղ առավոտից լուրեր էինք ստանում, որ ադրբեջանական զինուժը գիշերվանից մի քանի կիլոմետր ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, հասել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մատույցները՝ իր վերահսկողության տակ վերցնելով հեկտարներով տարածք։ Ադրբեջանցիների առաջխաղացումը ոչ միայն չի կանխվել, այլեւ վերջիններս սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, դիրքավորվել նոր զավթած տարածքներում։ Նշենք, որ Արցախի տեղեկատվական շտաբն էլ առավոտյան հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը երեկ գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում:

Չնայած ՏՇ-ի հավաստիացումներին, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին (Բերձորի (Լաչինի) միջանցքին), այնուհանդերձ, նույն հաղորդագրության մեջ ասվում է, որ այն դեռ գրունտային է, իսկ ասֆալտապատման աշխատանքները դեռ չեն ավարտվել:

Տեղ խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը համառորեն չպատասխանեց մեր հարցերին՝ ասելով, թե իբր շատ զբաղված է, ժողովի է։ Զրուցեցինք Տեղ խոշորացված համայնքի մաս կազմող Արավուս վարչական շրջանի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանի հետ։

- Պարոն Հովսեփյան, տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները բավականին առաջ են եկել, դիրքավորվել Տեղ գյուղի մատույցներում, հաստատո՞ւմ եք այս տեղեկությունները, ի՞նչ է տեղի ունեցել։

- Ադրբեջանցիներն առաջ են եկել, պոստեր են ավելացնում, իմ պատկերացումով, հաշվարկով՝ Տեղ գյուղից 60 հեկտար հող են զավթել ադրբեջանցիները։

- Քանի՞ կիլոմետր են առաջ եկել, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասում էր, թե իբր հայկական դիրքերի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։

- Տեղ կա՝ մի կիլոմետր, տեղ կա․․․ ըտենց հստակ չես կարող ասել․․․  Եկել են մեր գյուղի՝ Արավուսի սահմաններից թեքվել են աջ, եկել՝ Տեղի այգիներ կան, էդ լրիվ վերցրել։ Երեկվանից եկել են, էսօր էլ իրենց տրակտորներով, տեխնիկայով վերջնական ուզում են հաստատվել։

- Ինժեներական աշխատանքնե՞ր են անում։

- Հա, իրենց պոստերը դնելով եկել են, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն էլ վերջնական փակել։

- Իսկ մեր զինուժը չի՞ փորձել կանխել, մենք էդտեղ դիրքեր չունեի՞նք։

- Էս տարածքը լրիվ դատարկ ա, ընդհանրապես ոչ մեկ չի էլ փորձել կանխել։

- Ինչ-որ մեկը տեսե՞լ է, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում մեր տարածք, առաջանում, տեղյակ պահե՞լ է պատկան մարմիններին։

- Ո՜նց, ամբողջ դաշտով մեկ տեխնիկա են մտցրել, աշխատանքներ են անում, դա ո՞նց չպիտի տեսնել։

- Պաշտպանության բանակը քայլեր ձեռնարկե՞լ է

- Դե, ասում են՝ ոչ մի բան։

- Հակասական տեղեկություններ կան, որ մերոնք էլ են բարենպաստ դիրքեր զբաղեցրել, ո՞ր տարածքի մասին է խոսքը, Դուք տեղյա՞կ եք։

- Տեղյակ չեմ։

- Հիմա ադրբեջանցիները քանի՞ կիլոմետր են հեռու գյուղերից, երեւո՞ւմ են գյուղացիներին։

- Երեւի ամենաշատը 1-2 կիլոմետր ա ասֆալտով, բա ի՞նչ են անում, որ չեն երեւում։ Մեր տնից էլ են երեւում, պոստեր ունեն՝ 100-200 մետր հեռու են։ Մեր գյուղում 2020 թվին ոնց դրել են պոստերը, ընենց մնում ա, մեր Արավուսի դիմացն իրանք 13 պոստ են դրել, իսկ Տեղ գյուղում չեմ իմանում՝ խի ըտենց արեցին, որ պոստ չկա, չեմ իմանում։

- Դուք երբեւէ չե՞ք հարցրել՝ ինչո՞ւ Տեղ գյուղի հատվածում պոստեր չկան։

- Լավ հարց տվիք՝ ինչո՞ւ չենք ունեցել։ Ես չեմ իմանում՝ ինչի չենք ունեցել, 20 թվականից հետո այդ տարածքում չենք ունեցել, մնացածը չգիտենք։

- Կառավարության երեկվա նիստում, մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Տեղ համայնքի հատվածից հայկական զինուժը դուրս է բերվելու, սահմանի երկայնքով ԱԱԾ սահմանապահներն են հսկողություն իրականացնելու։ Կարելի է այսպիսով հուսալի վերահսկողություն իրականացնել, թեպետ՝ եթե հիմա ընդհանրապես սահման պահող չկա, էլ ինչի՞ մասին ենք խոսում։

- Խնձորեսկի տարածքում էլ ինչքան ժամանակ է՝ երկու սահմանապահ են կանգնացրել, գնում-գալիս են, ամբողջ տարածքում երկու հոգի, էդ ի՞նչ ա, ստացվում ա, որ սահմա՞ն են պահում։ Մենակ մեր գյուղն ա, որ աշխարհազոր կոչվածներն են հսկում։

- Իսկ աշխարհազորն ունի՞ համապատասխան միջոցներ, կարողանո՞ւմ է հուսալի պաշտպանություն ապահովել, Ձեր համայնքում մարդիկ իրենց ո՞նց են զգում, չե՞ն վախենում։

- Ուժեղ ենք զգում, ուժեղ, եկ խորանանք ոչ, խայտառակ վիճակ է։

- Վերջին օրերին որ ադրբեջանցիները հերթական առաջխաղացումն են ապահովել, եկել են Տեղի սահմանակից տարածք, այդ եւ հարակից գյուղերի բնակիչներն անհանգստացա՞ծ չեն, չե՞ն փորձել ՊՆ ներկայացուցիչներին հրավիրել գյուղեր, պահանջել, որ իրենց պաշտպանեն։

- Ընդհանրապես, մարդիկ անջատված ապրում են իրենց համար։ Ես արդեն կասկածում եմ, որ ես հայ եմ, ինձ նման հայրենասեր մարդը, պատկերացնո՞ւմ եք, սա հայի տեսակ չէ։ Թուրքը եկել-մտել է մեր տուն, բայց չենք շարժվում։ Ես ոչ մեկի վրա էլ հույսս չեմ դնում, որոշել եմ ինքս պաշտպանել իմ հողն ու ջուրը։

- Եթե չեմ սխալվում, պատերազմից հետո Սյունիքի սահմանամերձ համայնքներում պետությունը հավաքեց զենքերը, զե՞նք են տվել, որ պաշտպանեք։

- Հա, զինաթափել են, բայց մենք կամաց-կամաց նորից սեփական զենքեր ենք ձեռք բերում, որ կարողանանք մեզ պաշտպանենք։ Թուրքի դիրքերը կգրավենք, զենք էլ կունենանք, 90-ականների նման ենք անելու, չմտածեք»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՅՄ