Կոռնիձորի ուղղությամբ ադրբեջանցիները ոչ մի սանտիմետր չեն առաջացել, բայց գյուղը դիտարկման տակ է

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

կկ

Կոռնիձորի ուղղությամբ ադրբեջանական զորքերը ոչ մի սանտիմետր չեն առաջացել։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական ներխուժման թեմային։

Կարապետյանի փոխանցմամբ, Կոռնիձորի մասով ընդամենը ճանապարհի փոփոխություն է եղել․ «Նոր կառուցվող մայրուղին, որ Կոռնիձորով անցնում է, արդեն երթեւեկելի է, ասֆալտապատ է»։

Կոռնիձորի վարչական ղեկավարն ասաց նաև, որ գյուղը 3 կողմով սահմանակից է Ադրբեջանին, այն Լաչինից, մոտակա սարերից լիովին դիտարկելի է, ադրբեջանական ամենամոտ դիրքը տեղակայված է մոտ 300 մետր հեռավորության վրա։

Հարցին՝ հաշվի առնելով Տեղի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումը, ռուսական սահմանապահներ տեղակայվե՞լ են սահմանի երկայնքով, Կարապետյանը պատասխանեց, որ ոչ. «Կոռնիձորի մասով ամեն ինչ նորմալ է, ինչպես եղել է նախորդ օրերին, նույն իրավիճակն է»: Իսկ թե Կոռնիձորից ի՞նչ հեռավորության վրա են տեղակայված Տեղ գյուղ ներխուժած ադրբեջանական ուժերը, ապա Կոռնիձորի ղեկավարն ասաց, որ 2 կմ-ից ավելի կլինի, դեպի Լաչինի կողմն է ընկնում․ «Որ մտնում ես Կոռնիձոր, մեր ձախ մասն է, հյուսիս-հարավ մասն է»։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ