Ի՞նչ քարտեզների հիման վրա է Ադրբեջանը պահանջում իրականացնել դելիմիտացիայի գործընթացը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

6f13f065-988c-41aa-b0e6-021821186785_cx0_cy3_cw0_w1023_r1_s

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության նախորդ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, ըստ Ադրբեջանի նախագահի, «Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»։ Վարչապետի այս եւ այլ հայտարարությունների վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի  նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Մասնավորապես, հարցրել էինք․ «Ի՞նչ պայմաններ է առաջ քաշել ադրբեջանական կողմը սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի ընթացքում։ Ե՞րբ է նման պայմաններ ներկայացրել։ Պրահայում տեղի ունեցած հայտնի հանդիպումից հետո հանձնաժողովը քանի՞ անգամ է նիստ անցկացրել։

Ի՞նչ քարտեզների հիման վրա է Ադրբեջանը պահանջում իրականացնել դելիմիտացիայի գործընթացը, եւ վարչապետն ի՞նչ միջազգային մեխանիզմների մասին է խոսում։ Նաեւ՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների դադարեցումը կամ կասեցումը կարո՞ղ է նշանակել, որ ռազմական գործողությունների արդյունքում ձեւավորված սահմանների վրա ենք կանգնելու, եւ Ադրբեջանը համարում է, որ իրականում ինքը դրանով արդեն իրականացրե՞լ է սահմանազատումը»։ Փոխվարչապետի գրասենյակից մեր բազմաթիվ հարցերին կցկտուր պատասխան են ուղարկել՝ հղում անելով շեֆի՝ Փաշինյանի հայտարարություններին․ «Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա իրավական հիմք ունեցող քարտեզների վրա՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ Ալմա-Աթայի հռչակագիրը։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումներին, ապա նշենք, որ հանձնաժողովի ստեղծումից ի վեր կայացել է 3 հանդիպում, որոնց վերաբերյալ պաշտոնական մամուլի հաղորդագրությունները հրապարակվել են արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում։ Մամուլի հաղորդագրություններում ներկայացվել են նաեւ հանդիպումների արդյունքները։ Վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքները չեն կասեցվել»։ 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ հարցերն էլ առաջարկել են ուղղել ԱԳՆ-ին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՅՄ