Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու և վերջինիս վարորդի նկատմամբ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

samvel

Մարտի 31-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից ձերբակալված անձանց մասով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 24News-ին ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ առանց որեւէ անձի անուն և այլ մանրամասներ նշելու։

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 2-րդ մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):

Երեկ հայտնի էր դարձել, որ ՆԳՆ ոստիկանությունը Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու կենտրոնական բաժին էր տեղափոխել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու վերջինիս վարորդն են։  Վարորդի խուզարկությունից հետո ձեռքի պայուսակում հայտնաբերվել էր 9մմ տ/չ «Մակարով» տիպի առանց գործարանային համարի մարտական ատրճանակ՝ փամփշտատուփով՝ 8 փամփուշտով:

Սերգեյ Առաքելյան

--00—ՍՊ