Քոչարի փողոցում Range Rover-ով մահացու վրաերթի էին ենթարկել և փախել. 3 կասկածյալները հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Ապրիլի 1-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Range Rover մակնիշի ավտոմեքենան, որը գտնվում է հետախուզման մեջ, Երևանի Արաբկիր վարչական շրջանում է գտնվում, գրում է shamshyan.com-ը:

Իրավապահները մշակում են հատուկ օպերացիա ու Գրիբոյեդով փողոցում հայտնաբերում են նշված ավտոմեքենան, որով տեղի է ունեցել ապրիլի 1-ին Երևանի Երվանդ Քոչար փողոցում մահվան ելքով վրաերթը։ Վարորդը հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո դիմել էր փասխուստի։

Երբ Կենտրոնի ոստիկաններն ու Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հայտնաբերել ու վնասազերծել են նշված ավտոմեքենան, մեքենայում եղել են Երևանի բնակիչներ 36-ամյա Տիգրան Ավագյանը, 28-ամյա Արշակ Խաչատրյանն ու Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սարգիս Արամյանը։ 

Մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նշված անձանցից ով է վրաերթի ժամանակ վարել ավտոմեքենան։ 

Ապրիլի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմանում՝ Երվանդ Քոչար փողոցի 5/2 հասցեի դիմացի հատվածում, դեռևս ինքնությունը չպարզված վարորդը՝ իր վարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վրաերթի ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Խաչատրյանն է: Ժամը 05:30-ի սահմանում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

--00—ԼՄ