Օղակը գնալով սեղմվում է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

արցախ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Այսօր լրանում է Արցախի կյանքի ճանապարհի փակման չորրորդ ամիսը։ 2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպան ֆեյք-ակտիվիստների միջոցով Արցախի հանքերում մոնիթորինգ իրականացնելու պահանջով փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, սակայն կյանքը ցույց տվեց, որ Ադրբեջանի նպատակներն այլ էին՝ ամբողջությամբ տիրանալ Արցախին։ Եվ հակադրվելով միջազգային հանրության կոչերին, Հաագայի դատարանի որոշմանը, Ադրբեջանը մինչ օրս շարունակում է արգելել Արցախ ելումուտը՝ ակնկալելով, որ արցախցիները զենքը վայր կդնեն եւ կհամաձայնեն իրենց պահանջներին։

Ուշագրավ է, որ երեկ Արցախի իշխանությունները Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում եւ ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ «հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար», ինչը նշանակում է, որ օղակն այնքան է սեղմվել, որ արցախյան կողմն է նախաձեռնողականություն դրսեւորում։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ մեկ անգամ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, թե այդ հանդիպումներում պետք է վերաինտեգրման հարցեր քննարկվեն, եւ արցախցիներին հրավիրեցին Բաքու ու մերժում ստացան։ Հիմա Արցախը փորձում է վերականգնել երկխոսությունը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ