Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացիների մշտական և ուղիղ աջակցման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

340841938_946148156829224_4699122469228923154_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լիոնի քաղաքապետի միջազգային հարաբերությունների, համագործակցության և համերաշխության գծով պատասխանատու տեղակալ Սոնյա Զդորովցոֆը և Լիոնի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիյոմ Դյուպեյրոնը։

Գնել Սանոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել Լիոնի քաղաքապետի այցը Հայաստան՝ հաշվի առնելով և՛ քաղաքի, և՛ շրջանային խորհրդի միջև ՀՀ ունեցած ջերմ հարաբերությունները և համագործակցությունը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել 2022թ․ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությանը Լիոնում ջերմ ընդունելության արժանացնելու և համագործակցության ակտիվացմանն ուղղված կարևոր միջոցառումների կազմակերպման համար։

Քաղաքապետ Դուսեն նշել է, որ շատ է կարևորում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը և պատրաստ է երկուստեք ջանքերի շնորհիվ էլ ավելի զարգացնել, ընդլայնել և ամրապնդել այն։

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի ամրապնդմանը միտված քայլերի իրականացմանը՝ հաշվի առնելով, որ բավական ամուր օջախներ կան Ֆրանկոֆոնիայի տարածման համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում ֆրանսիացիների մշտական և ուղիղ աջակցման համար։

Լիոնի քաղաքապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել նշված հարցերի շուրջ ցուցաբերած աշխատանքի, աջակցության և հետաքրքրության համար։ «Պետք է շարունակել այդ աշխատանքները՝ ապահովելով շարունակական համագործակցություն այդ ուղղությամբ»,-ասել է Գրեգորի Դուսեն։

--00—ՅՄ