Տեղ գյուղում 100 հեկտար վարելահող և մեծ տարածք արոտավայրեր են ադրբեջանցիները գրավել. Խամոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Ամբողջ Տեղ գյուղն ադրբեջանցիների դիտարկման տակ է, դիրքերը երևում են անզեն աչքով։ Անվտանգային խնդիրներից բացի, գյուղում նաև սոցիալական հարցեր են առաջացել՝ 100 հեկտար վարելահող և մեծ արոտավայրեր են ադրբեջանցիները գրավել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով երեկ է վերադարձել Տեղ գյուղից «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների հետ:

Անդրադառնալով ադրբեջանցիների հերթական սադրանքին, որի արդյունքում 4 զոհ ունեցանք, պատգամավորը նշեց, որ դա իշխանության անհեռատեսության պատճառով է եղել, պետք է հակազդող գործողություններ իրականացվեին, որ չորս փայլուն սպա չկորցնեինք:

«Փաշինյանը երեկ սադրանքների մեղքի բաժինը փորձում էր գցել սպաների վրա, այս պահին սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, արդյոք դա զինվորականների՞ ֆունկցիան է, դրա համար էլ նման ողբերգական դեպքեր եղան»,- ավելացրեց նա:

Հարցին, թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում ասել էր, որ թույլ է տալու ծանոթանալ խաղաղության պայմանագրին, արդյոք կարողացե՞լ եք ծանոթանալ փաստաթղթին, Խամոյանը նշեց, որ ԱԳՆ-ից իրեն որևէ հրավեր չի եղել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունը ժողովրդից թաքցնում է, թե ինչ են բանակցում. «Արարատ Միրզոյանն իր խոստումը դրժեց, ինձ չեն հրավիրել ԱԳՆ ծանոթանալու բանակցային գործընթացին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ