ԱՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ նախագահին իր դժգոհությունն է հայտնել միջազգային հանրության անհասցե վերաբերմունքի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

միպ

Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից։ 

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից չորս ամիս շարունակվող անօրիանական շրջափակման հումանիտար հետևանքներն ու Արցախի ժողովրդի բազմաթիվ իրավունքների լայնածավալ խախտումները։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ միջազգային դերակատարների կոչերն անտեսելն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանի համար որևէ հետևանք չեն առաջացնում, ինչն էլ ավելի է ընդլայնում ադրբեջանական անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Միջազգային հանրության հայտարարություններին և կոչերին Ադրբեջնանը պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։

Գեղամ Ստեփանյանն իր դժգոհությունն է արտահայտել ստեղծված հումանիտար ճգնաժամին միջազգային հանրության կողմից ոչ համարժեք ու հասցեական վերաբերմունքի առթիվ, նշել, որ անհասկանալի և անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության տարբերակված մոտեցումները տարբեր հակամարտությունների համատեքստում և հույս հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից կձեռնակվեն գործնական քայլեր շրջափակումը վերացնելու և հումանիտար իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Պաշտպանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեության վերականգնման, կազմակերպության կողմից Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու և մշտական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

--00—ՍՊ