Փլուզման պատճառով մետրոյի աշխատանքը խաթարելու համար «Երևան ալրաղաց»-ը կտուգանվի 1.5-2 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1108865.jpg

Մետրոյի աշխատանքը խաթարած փլուզման պատճառով «Երևան ալրաղաց»-ը կտուգանվի 1.5-2 մլն դրամով
«Երևան ալրաղացը», որի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով խաթարվել էր մետրոյի աշխատանքը, կտուգանվի 1.5-2 մլն դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը:

Ասատրյանն ասաց, որ «Երևան ալրաղաց» ՓԲԸ-ին նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին տրվել է 24 պահեստարանների քանդման թույլտվություն, որի ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին: «Ժամկետի լրանալուց հետո քանդման աշխատանքները շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում: Հիշյալ փաստի կապակցությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության նկատմամբ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի, Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմվել է արձանագրություն, որի տույժի չափը կազմում է 1.5-2 մլն դրամ»,-ասաց վարչության պետը:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացվում է նաև լրացուցիչ վարչարարություն՝ սեփականատիրոջից պարզաբանումներ ստանալու և լրացուցիչ արձանագրություն կազմելու նպատակով:

Ասատրյանը հայտնեց, որ առաջին ծանուցումն ուղարկվել է ապրիլի 7-ին՝ ընկերության տնօրենին թվով 2 հասցեներով: Ծանուցումը տնօրենը չի ստացել, սակայն հաջորդ ծանուցման լսումների օրը նշանակվել է այսօր՝ ապրիլի 17-ը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց շարունակել ընթացքը:

Փլուզման հետևանքով ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատել էր արտակարգ ռեժիմով, քանի որ քարերը թափվել էին նաև մետրոյի գծերի վրա։ Ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի հասարակական կարգի ապահովման բաժնի աշխատակիցներին հանձնարարել էր ամենախիստ պատժի ենթարկել փլուզման մեղավորներին։

--00—ԶՀ