Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 20, 24News

դեսպան պապիկյան

Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը մարտի 19-ին իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում:

Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորվել են լավ բարեկամական հարաբերություններ՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։

Դեսպան Պապիկյանը նշեց, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-ավստրիական համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

ՀՀ դեսպանը Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները և բարեմաղթանքները: Ի պատասխան` նախագահ Վան դեր Բելլենը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ միջպետական հարաբերությունները և այդ առումով ընդգծեց բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը:

Ավստրիայի դաշնային նախագահի խնդրանքով, Արմեն Պապիկյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին, իրականացվող բարեփոխումների ընթացքին և տարածաշրջանին առնչվող խնդիրներին։