Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների մատակարարման ավտոմեքենան՝ բեռնված սննդով և ջրով․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 27, 24News

պն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող  ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:  

Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:  

Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է.  հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:  

Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: 

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»։       

 --00—ՍՊ