Այսօր վճռական ընտրության պահն է, որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը․ Սերժ Սարգսյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

e1ccec8bd42fdbd6750c898f99d1e33d_M

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․

«Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու  ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում: 

Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի  փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը:  Նրանք ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի:

Հավերժ փա´ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը`փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից:

Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով՝ նրանց, որոնց փրկել էին թուրքական կոտորածից: Սա մեր պատմության դառը դասերից և ամոթալի էջերից է:

1918 թվականի մայիսյան հերոսամարտերը  հայ ժողովրդի նվիրյալ զավակների ազգային բարձր գիտակցության, պատմական պատասխանատվության ու արժանապատվության, փառահեղ հաղթանակների մասին են,  հերոսներից շատերի կենսագրությունը՝ անձնազոհ խիզախության, պատվախնդրության, բայց և ողբերգական վախճանի մասին: 

Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր: Այդպիսի ընտրության առջև կանգնում են բոլոր ժողովուրդները՝ բոլոր ժամանակներում:

Այսօր էլ վճռական ընտրության պահն է: 

Որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը»:

--00—ՅՄ