«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական գործով անցնում է 250 անձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

a5fc4b5e-2f5e-4ee6-9724-d8d10a83c0d8.jpg

«Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում լուրջ աշխատանքներ են իրականացվել, մոտ ժամանակներս այդ մասին հրապարակային կհայտարարվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

2021թ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում բացվել էր համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին: Նախարարի գնահատմամբ՝ կան բավականին դրական արդյունքներ:

Նախարարը նշեց, որ ներկա պահին քննչական կոմիտեում նախաձեռնված է քրեական վարույթ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով, «Տելեգրամ» ալիքով: Ըստ Ղազարյանի՝ դա այսօր ամենադժվարն ու խնդրահարույցն է իրենց համար:

«Դրա հետ կապված ունենք կատարած լուրջ աշխատանքներ: Եվ մոտ ժամանակներս դրա մասին կլսեք»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ նախաձեռնված քրեական վարույթով անցնում է 250 անձ:

--00--ԶՀ