Համաշխարհային բանկը կաջակցի արդարադատության նախարարությանը. Մինասյանն ընդունել է ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ԱՆ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ ՀԲ ֆինանսական կառավարման առաջատար մասնագետ Արման Վաթյանի և ՀԲ Ֆինանսական կառավարման գլխավոր մասնագետ Կուրամ Ֆարուքի գլխավորությամբ: Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Համաշխարհային բանկի և Արդարադատության նախարարության փոխհամագործակցության համատեքստում քննարկվել են մի շարք թիրախային ուղղություններ, մասնավորապես՝ նախարար Մինասյանը կարևորել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքի և ծրագրի արդիականացումը, դատական արխիվի թվայնացումը, մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման ծրագրին վերաբերող որոշ հիմնահարցեր, այդ թվում՝ e-criminal case համակարգի ներդրման գործընթացը և այլն:

Արդարադատության ոլորտի բարեփոխումներին օժանդակելու համատեքստում Համաշխարհային բանկը նաև պատրաստակամություն է հայտնել նախարարությանը տրամադրել ՏՏ ոլորտի մասնագիտացված թիմ՝ ընթացիկ թվայնացման գործընթացների հաջողությամբ իրականացմանն աջակցելու համար:

Անդրադարձ է կատարվել նաև ՀԲ-ի «Հայացք ապագային» զեկույցի արդյունքում ապագա հնարավոր համագործակցությանն՝ ընդգծելով Smart Court-ի գաղափարի կենսագործման անհրաժեշտությունը:

Նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ առկա համագործակցությունը՝ միաժամանակ այն շարունակելու և հետագայում ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով:

--00—ՍՊ