Ալիևը մարտահրավեր է նետում քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ագն

ՀՀ ԱԳՆ  արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին․

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:

Անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Նշյալի վկայությունն է նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները:

Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին: Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով։

Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով»:

 

--00—ՍՊ