Հետևում ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում տիրող իրադրությանը․ Սլովենիայի ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

photo_2023-05-30_16-54-07

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է սլովենացի գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցից եւ ՀՀ ԱԺ հուշամատյանում գրառում կատարելուց հետո սլովենացի հյուրերը մասնակցել են ընդլայնված կազմով հանդիպմանը:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում՝ բարձր գնահատելով երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ կապերը:

Կողմերն ուրախությամբ փաստել են հունիսի 1-ին Քիշնեւում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբի հանդիպման մասին:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է Սլովենիայի հետ գործակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել 2022 թվականի հոկտեմբերին Սլովենիայի Հանրապետությունում արցախցի մի խումբ երեխաների՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրին մասնակցելու համար: Ուրշկա Զուպանչիչը տեղեկացրել է, որ Սլովենիայի կառավարությունն այդ ծրագիրը եւս երկու տարով երկարաձգել է:

Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր:

«Մենք ողջունում ենք Սլովենիայի խորհրդարանի ընդունած հրատապ բանաձեւը «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքների», ինչպես նաեւ սկզբունքային դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Սլովենացի գործընկերը, լսելով հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մանրամասները, նշել է, որ իրենց երկրում հետեւում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը եւ ծանոթ են Լաչինի միջանցքի ճգնաժամին: Նրա խոսքով սլովենացիների համար խաղաղությունը կարեւոր եւ կենսական արժեք է, իսկ ադրբեջանական ագրեսիան մտահոգիչ ու դատապարտելի է, ինչը խանգարում է կառուցողական երկխոսությանը: Նա նշել է, որ Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է 2023 թվականի փետրվարի 20-ին Եվրոպական միության նոր դիտորդական առաքելության տեղակայմանը` նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանը եւ խաղաղությանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Բաքվի` օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը եւ անիրավ գործողություններն անթույլատրելի են, եւ Հայաստանը բարձրաձայնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին ու ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո սլովենացի գործընկերները ՀՀ ԱԺ նախագահի եւ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ուղեկցությամբ շրջել են ՀՀ ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում, որտեղ հանդիպել են Սլովենիայի կառավարության ծրագրով իրենց երկիր մեկնած երեխաներին:

ՀՀ ԱԺ նախագահը հորդորել է երեխաներին լավ սովորել եւ հետեւել աշխարհում կատարվող իրադարձություններին` կյանքն առավել ճիշտ պատկերացնելու համար: Ուրշկա Զուպանչիչը խորհուրդ է տվել երեխաներին լինել սրտաբաց, հյուրասեր եւ սիրել մարդկանց` առանց խտրականության:

Երեխաների հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդանշական ծառատունկն ԱԺ բակում:

Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն ամփոփվել է մամուլի համար հայտարարությամբ:

Սլովենիայի ԱԺ նախագահին ընդունելու են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

--00—ՅՄ