Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին՝ ՌԴ արտահանձնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

f6deeeaf-4be9-42ff-867e-4faa6720e475.jpg

Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին՝ Արսեն Մկրտչյանը։ Վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Մկրտչյանը ձերբակալվել է ՌԴ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ արտահանձնման նպատակով։ Քրեական գործը, որով հետախուզում էր հայտարարվել Մկրտչյանի նկատմամբ, ըստ պաշտպանի, հարուցվել է տարիներ առաջ և վերաբերում էր քրեական ենթամշակույթին։

Էլբակյանի փոխանցմամբ՝ ՌԴ-ում ևս փորձաքննություն է իրականացվել Մկրտչյանի նկատմամբ, փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մկրտչյանն անազատության ձևով պատժի կրման հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ ունի։ ՌԴ-ն Մկրտչյանի նկատմամբ հետախուզում հայտարարել է 2022թ. ապրիլից, սակայն պաշտպանը տեղեկություն չունի՝ երբ են ՌԴ իրավապահները դիմել ՀՀ-ին՝ արտահանձնման պահանջով։
Մկրտչյանի ձերբակալությունը պաշտպանությունն ապօրինի է գնահատում, ավելին, գտնում են՝ հանցագործություն է որակում։

«Չգիտեմ՝ Արսեն Մկրտչյանը կհամաձայնի՞, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացվի, թե ոչ։ Ի սկզբանե հայտարարել ենք, որ Արսեն Մկրտչյանը ՀՀ քաղաքացի է և ՀՀ քաղաքացին հանձնման ենթակա չէ։ Երկրորդ հանգամանքն այն է, որ իրեն ձերբակալելու իրավունք չունեին, քանի որ թե՛ առաջին քրեական գործի, թե այս գործի շրջանակներում առկա են փորձաքննության եզրակացություններ, որ Արսեն Մկրտչյանը պատիժը կրելուն խոչընդոտող մի շարք հիվանդություններով է տառապում, առնվազն՝ Կառավարության 825-Ն որոշման ցանկում ներառված երեք հիվանդություն։ Այսինքն՝ առնվազն երկու հիմք կա, որ Մկրտչյանին ձերբակալելու իրավունք չունեն, սակայն երեկ գնացին այդ ապօրինությունը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Մկրտչյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, մակագրվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին, սակայն նիստի վերաբերյալ որոշում դեռևս առկա չէ։
Փաստաբանի խոսքով՝ Արսեն Մկրտչյանը ձերբակալվել է 72 ժամով, սակայն առկա հիվանդություններով չի կարող գտնվել ՁՊՎ-ում։ Պաշտպանության կողմը քննարկում է բողոքը ետ վերցնելու հարցը։

--00--ԶՀ