ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ռումինիայում քննարկել է «Խաղաղության պայմանագրի» շուրջ զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ՀՀ ԱԺ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով Բուխարեստում է: Պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը:

Այցի շրջանակում մայիսի 29-ին պատվիրակության անդամները հանդիպել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարության գլոբալ հարցերի եւ դիվանագիտական ռազմավարությունների գծով պետքարտուղար, 2011-2015 թթ. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ:

Հանդիպման ընթացքում Սարգիս Խանդանյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը, վերջինիս կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների գրավմանը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լաչինի միջանցքի արգելափակման եւ վերջինիս հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին:

Անդրադարձ է կատարվել նաեւ «Խաղաղության պայմանագրի» շուրջ զարգացումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մեծապես կարեւորել են Ռումինիայի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական խմբի տեղակայման հարցում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է միջազգային դատական ատյանների՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կարեւորությունը՝ ընդգծելով, որ դրանց չկատարումը կհանգեցնի միջազգային իրավական համակարգի տոտալ ձախողման: Վլադիմիր Վարդանյանն աջակցություն է խնդրել վճիռները կատարելու հարցում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ՝ շեշտելով, որ հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ կենթարկվի էթնիկ զտման:

Անդրադարձ է կատարվել նաեւ Ռումինիայի հայ համայնքի դերակատարմանը: Տրայան Հրիսթեան ընդգծել է վերջինիս առանցքային դերը ռումինական հասարակության մեջ: Նա նշել է, որ հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայտարարված է Հայոց լեզվի, հայկական այբուբենի եւ մշակույթի օր:

Երկուստեք կարեւորվել են Արեւելյան գործընկերության գործիքների օգտագործումը, միջազգային էներգետիկ նախագծերին Հայաստանի միանալու հնարավորությունները, տնտեսական, կրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության առկա ներուժի օգտագործումն ու զարգացումը:

--00—ՍՊ