Վեհափառի դատախազ եղբորորդին արդեն ազատության մեջ է. նրա նկատմամբ գրավ է կիրառվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

s

Վեհափառի եղբորորդին՝ դատախազ Կորյուն Ներսիսյանն, ազատության մեջ է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Էմին Խաչատրյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կորյուն Ներսիսյանը կալանքի տակ էր գտնվում 2022թ հունիսի 11-ից։ 2023թ. ապրիլին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել փոխել Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ տնային կալանքով, թեև պաշտպանության կողմը միջնորդել էր կիրառել գրավը։

Պաշտպանը բողոք է ներկայացրել Ներսիսյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ՝ արձանագրելով, որ խափանման միջոց գրավն ի զորու է ապահովելու Ներսիսյանի պատշաճ վարքագիծը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարվել է բողոքը։ Դատարանը բեկանել և փոփոխել է տնային կալանք կիրառելու որոշումը՝ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառելով գրավը՝ 10 մլն դրամի չափով։

Ներսիսյանն արդեն ազատության մեջ է։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 2022թ հունիսին հայտնել էր, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Նվեր Դիլանյան նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գագիկ Գալստյանի և Նժդեհ Այվազյանի օժանդակությամբ և միջնորդությամբ Նվեր Դիլանյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 500 հազար դրամ կաշառք։ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե: Ըստ վարույնթ իրականացնող մարմնի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար 10.06.2022 թ.-ին Կորյուն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Նվեր Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար Նժդեգ Այվազյանին և Գագիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Գործն այժմ գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի վարույթում։

--00—ՍՊ