Հայկ Մարությանը սիրված է՝ որպես դերասան, մերժված՝ որպես քաղաքական գործիչ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

մարության

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, որպեսզի նրանց ցուցակով մասնակցի ընտրություններին, սակայն կտրուկ մերժում է ստացել: Մերժման պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՀԱԿ-ը մեղադրել է Հայկ Մարությանին, որ հեղափոխությունից հետո սեւերի եւ սպիտակների բաժանեց հասարակությանը, խորը պառակտում մտցրեց հայ հանրության ներսում:

Այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին, որը, սակայն, կարճ արձագանքեց.

«Նման բան չկա. Հայկ Մարությանը մեզ չի դիմել»:

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ մամուլում լուր տարածվեց, որ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երեւանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն կրկին մերժում է ստացել:

Ստացվում է՝ Հայկ Մարությանին չորսբոլորը մերժում են, բայց նրա ներկայացումները գնում են դիտելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ