100 մլն դրամ՝ մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների մարզագույքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
 

d93ed6a1-9595-4a36-8d01-455e39ad59f2.jpg

ՀՀ շուրջ 30 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2023 թ. կհատկացվի 100 մլն դրամ:

Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասը արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր տարի շարունակական իրականացնելու ծրագիրը:

Կառավարության որոշմամբ հաստատվել է նաև մարզագույքերի բաշխման ցանկը, որը կազմվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպություններում պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը և այլն:

Այսպիսով՝ մարզագույք կտրամադրվի Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցին, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցին, Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին, Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցին, Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցին, Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին, Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին և այլն:

Արդյունքում՝ կբարձրանա մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման, մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, ինչպես նաև ուսումնամարզական գործընթացի որակը, մարզակառույցները կապահովվեն ժամանակակից մարզական գույքով, կբարելավվեն դրանց մարզման պայմանները:

--00--ԶՀ