ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
«Սույն թվականի հունիսի 1-ին ամբողջ համացանցում տարածված տեսանյութը, որում արտացոլված միջադեպը փաստորեն տեղի էր ունեցել դեռևս ապրիլի 10-ին և ստացել ոչ պատշաճ իրավական ընթացք, փաստում է մի բանի մասին՝ անպատժելիության գերակայությունը հանգեցնում է նման խայտառակ արդյունքների»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի օրենքի գերակայության երկիր, որի առաջ կհավասարվեն բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, պաշտոնից, դիրքից:
Նշեմ նաև, որ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ զինվորականի բարոյական կոդեքսի» մշակման աշխատանքների շրջանակներում, քննարկման փաթեթներն ուղարկվել են նաև բոլոր ուժային կառույցներին՝ հետադարձ կապի և ակտիվ մասնակցության ակնկալիքով, քանի որ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ արժեհամակարգը ոչ միայն գերակա պետք է լինի Զինված ուժերում, այլև ուժային բոլոր կառույցներում, համազգեստ կրող յուրաքանչյուր մարդու առօրյայում և ի վերջո կրի համազգային բնույթ:
Միայն այդպես կարող է ձևավորվել փոխադարձ վստահության և համազգային համերաշխության կայուն մթնոլորտ: Նման ամոթալի միջադեպերը և հենց այս միջադեպը բարոյական կոդեքսի և վերջինիս կիրառության բացակայության ևս մեկ վառ օրինակ են: Ուժային կառույցների իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ լինել ավելի զգոն և խիստ՝ հատկապես կադրային քաղաքականության և վերջինիս ընտրության հարցում՝ առաջնահերթությունը տալով ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ , ապա՝ մասնագիտական որակներին»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին։
--00—ՍՊ