«Ուրարտուն»՝ Հայաստանի ֆուտբոլի 2023թ չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

svs

 

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Փյունիկին» և ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի կոչումը։

«Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ընտրել էին զգուշավոր մարտավարություն և փոքր ուժերով էին գրոհում: Զարմանալի չէ, որ հիմնական ժամանակի ընթացքում կողմերից ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց ստեղծել ռեալ գոլային պահեր:

Թվում էր, որ հանդիպումն այդպես էլ կավարտվի առանց դարպասների գրավման, սակայն 90+3-րդ րոպեին հյուրերը տուգանային հարվածի իրավունք ստացան: Փոխարինման մտած Արաս Օզբիլիսը հաշվենկատ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ հսկողությունից դուրս մնացած Եվգենի Ցիմբալյուկը գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Այդ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը:

Այդպիսով, «Ուրարտուն» հաղթեց գերսկզբունքային խաղում, վաստակեց 82 միավոր և անհասանելի դարձավ իրենց հետապնդող «Փյունիկի» համար: Վերջինս գրավեց 2-րդ տեղը, իսկ առաջատար եռյակը եզրափակեց «Արարատ-Արմենիան»:

Հավելենք, որ «Ուրարտուն» իր պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Առաջին ոսկե մեդալները թիմը նվաճել էր 2014 թվականին, երբ դեռևս հանդես էր գալիս «Բանանց» անվան տակ:

--00—ՍՊ