Հայերն այս նահանգի անբաժանելի մասնիկն են․ Օնտարիոյում «Հայկական ժառանգության ամիս» է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Օնտարիո

Դեսպան Անահիտ Հարությունյանը Օնտարիո նահանգի խորհրդարանում մասնակցեց հայկական ժառանգության ամսվան նվիրված առաջին ընդունելությանը, որին ներկա էին նաև Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը, նահանգի կառավարության և խորհրդարանի բազմաթիվ անդամներ։ Դեսպան Հարությունյանն իր խոսքում ընդգծեց, որ մշակութային բազմազանությունը խթանելու Կանադայի անխախտ հանձնառությունը, բազմազանության ընդունումը և Օնտարիոյի կողմից ներառականությանը տրվող կարևորությունը ստեղծել են մի հասարակություն, որն այսօր նշում է հայկական մշակույթի հարստությունը, Տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանությունից։ 

Դեսպանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամ Արիս Բաբիկյանին՝ Օնտարիոյում մայիս ամիսը հայկական ժառանգության ամիս հռչակող 105-րդ օրինագիծը հովանավորելու գործում իր դերակատարության համար։

Նշենք՝ օրենսդիր ժողովն առաջինն է Կանադայում, որ ընդունել է օրենք, որով հարգանքի տուրք է մատուցվում Օնտարիոյում բնակվող հայերին՝ իրենց գործուն ներդրումի և Կանադայի հանրային, քաղաքական կյանքում ավանդի համար:

Միջոցառման ժամանակ պատգամավոր Արիս Պապիկյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ֆորդին, նախարարներին՝ իրենց միաձայն աջակցության ու օժանդակության համար։

Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանն էլ իր խոսքում նշել է. «Հայերն այս նահանգի անբաժանելի մասնիկն են, և հակառակ նրան, որ մայրենի հողից հազարավոր մղոններ հեռու են, կարողացած են պահպանել իրենց մշակույթը և ավանդները»:

Պատգամավոր Պապիկյանը միջոցառման ժամանակ նաև ներկայացրել է իր հեղինակությամբ գրքույկը, որում անդրադարձ է կատարել հայ ժողովրդի՝ դեպի Կանադա գաղթի պատմությանը, կանադահայերի նշանակալի ավանդին՝  նահանգի հանրային, մշակութային, կրթական, տնտեսական և քաղաքական շրջանակներում,  Կանադայի բանակի կողքին՝ Օնտարիոյի հայ համայնքի մասնակցությանն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, ինչպես նաև՝ Կանադայի մարդասիրական օժանդակությանը՝ Ցեղասպանությունը վերապրող հայ ժողովրդին, «Ջորջթաունյան տղաներ» մարդասիրական առաքելությանը, դաշնային  և նահանգային օրենսդիր ու գործադիր մարմինների կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը:

--00—ՍՊ