Ադրբեջանը լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

դեսպան
Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հարցազրույցը «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին․

-Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը Լաչինի միջանցքի շրջափակումից հետո ավելի է խորացել։ Ինչպե՞ս եք գնահատում այս համատեքստում նոր բախումների հավանականությունը։

-2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը շինծու բնապահպանական պատրվակներով ապօրինաբար արգելափակել էր միջանցքը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։

Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի: Ադրբեջանի վերոնշյալ ապօրինի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։

Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմը շարունակում է ոտնձգություններ իրականացնել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ասվածի ապացույցն է այն, որ ս.թ. մայիսի 11-12-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը մշտապես իր հանձնառությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր այս դիրքորոշումը սակայն համարժեք արձագանք չի գտնում Բաքվում, որը շարունակում է ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունը։ Մենք համարում ենք, որ դա ուղղված է բանակցային գործընթացը և դրա ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զրոյացնելուն և տարածաշրջանում լարվածության աճին։
 

Ավելին՝ հարցազրույցում։

--00—ՍՊ