Կախովսկի ՀԷԿ-ին հասցված հարվածներից հետո հեղեղումների վտանգ կա. Մոսկվան և Կիևը մեղադրում են իրար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

5bcd2c7a-b8b9-4f79-aafe-9b488ba49a85.jpg

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում հարված է հասցվել Կախովսկի հիդրոէլեկտրակայանին, մասնակիորեն վնասվել են ՀԷԿ-ի կոնստրուկցիաները, տեղի են ունեցել մասնակի փլուզումներ: Կախովսկի ՀԷԿ-ը պայթեցնելու մեջ կողմերը մեղադրել են մեկը մյուսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Կախովսկի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը: Իսկ ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով Խերսոնի մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, նշում են, որ ուկրաինական կողմից հարվածը հասցվել է, ամենայն հավանականությամբ, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից:

Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Նովայա Կախովկայի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը լրագրողներին հայտնել է, որ գիշերն իրականացված հարվածներից հետո տեղի են ունեցել փականների փլուզումներ, և ջուրն անվերահսկելի կերպով հոսում է հոսանքով դեպի ներքև: Խերսոնի մարզում շուրջ 300 տուն հեղեղման վտանգի տակ է: Առափնյա բնակավայրերում արդեն կան հեղեղումներ, ձեռնարկվել են շատ քիչ թվով մարդկանց ժամանակավոր տարհանման միջոցառումներ: Վլադիմիր Լեոնտևն իրավիճակը վերահսկելի է համարում: Ըստ հաշվարկների՝ վատագույն դեպքում ջուրը 5 ժամից պետք է բարձրանար 12.5 մետր, սակայն 6 ժամվա ընթացքում բարձրացել է ընդամենը 4 մետրով:

Ուկրաինական իշխանությունները, մասնավորապես՝ Խերսոնի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պոկուդինը, հայտարարել է, որ վտանգավոր հատվածներից սկսվել է տեղի բնակչության տարհանումը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կախովսկի ՀԷԿ-ում ստեղծված իրավիճակի պատճառով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել:

--00--ԶՀ