Կախովսկի ՀԷԿ-ի վնասման պատճառով Զապորոժիեի ԱԷԿ-ում նվազել է հովացման ավազանում ջրի մակարդակը. Գրոսի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

8a20227d-70fa-44e6-b27c-c00de4884b0a.jpg

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովսկի ՀԷԿ-ի լուրջ վնասման պատճառով Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում զգալիորեն նվազել է հովացման ավազանում ջրի մակարդակը: Այնուամենայնիվ, ԱԷԿ-ի անվտանգությանն ուղղակի սպառնալիքներ չկան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարությունը:

Նա նշել է, որ ավազանի ջուրը հարկավոր է հովացման համակարգի համար, որն ապահովում է, այդ թվում՝ ռեակտորներից մնացորդային ջերմության հեռացումը, վթարային դիզելային գեներատորների հովացումը:

«Հովացման ջրի հիմնական համակարգերում երկար ժամանակով հովացման ջրի բացակայությունը կհանգեցնի վառելիքի հալման և վթարային դիզելային գեներատորների շահագործման անհնարինության: Այնուամենայնիվ, մեր ներկայիս գնահատականներով՝ գործարանի անվտանգության համար անմիջական վտանգ չկա», - հայտարարել է Գրոսին:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ ըստ ստացվող տվյալների՝ Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակից ջուրը պակասում է ժամում 5 սմ արագությամբ: Գրոսիի խոսքով՝ եթե ​​Զապորոժիեի ատոմակայանի հովացման համար օգտագործվող ավազանում ջրի մակարդակն իջնի 12,7 մետրից, ապա այլևս հնարավոր չի լինի այնտեղ ջուր ներմղել: Նա միևնույն ժամանակ հավելել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ն ունի ջրի մի շարք այլընտրանքային աղբյուրներ։

Գրոսին հավելել է, որ հաջորդ շաբաթ Զապորոժիեի ԱԷԿ նախատեսված իր այցը կկայանա:

Կախովսկի ՀԷԿ-ի գնդակոծության մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Իսկ ըստ ռուսական կողմի՝ գիշերը ուկրաինական բանակը հարված է հասցրել Կախովկսի ՀԷԿ-ին, ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:

--00--ԶՀ