Մեր նպատակն է նպաստել անվտանգության կայունացմանը. ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

l-0x0wh-786x458z-1

Հունիսի 1-ին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ընդունել է COEST (Համագործակցություն Արևելյան Եվրոպայի երկրների հետ) աշխատանքային խմբի ԵՄ պատվիրակությանը: Ռիտերը նրանց ներկայացրել է առաքելության մանդատը և նրա գործունեությունը, տեղեկացրել տեղում անվտանգության զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության պարեկներից ստացած դիտարկումների վրա:

EUMA-ի գոյության առաջին երեք ամիսների ընթացքում առաքելությունն ընդհանուր առմամբ իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: Ամեն շաբաթ պարեկներն անցնում են ավելի քան 3800 կմ տարածություն։ «Առաքելությունը մեկնարկել է աննախադեպ արագությամբ՝ սկսելով իր գործողություններն այս փետրվարին»,- ասել է Ռիտերը: Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ հանգույցներ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք շահագործման:

«Մեր նպատակն է, ի թիվս այլ հարցերի, նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրադրության որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն»,- հավելել է Ռիտերը:

EUMA-ն քաղաքացիական, ոչ ռազմական, ոչ գործադիր առաքելություն է, որի նպատակն է դիտարկել և ԵՄ-ին զեկուցել տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ: Առաքելությունը տեղակայված է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, շտաբը Եղեգնաձորում է, իր վեց օպերատիվ հանգույցներով, որոնք կոչվում են նաև առաջադեմ օպերատիվ բազաներ, ունի աջակցության և կապի փոքր գրասենյակ Երևանում։

--00—ՅՄ