Հույս ունենք՝ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի․ Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

45b17e22-081a-4551-9e7c-e2e88750a358.jpg

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 7-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ նաեւ այն փաստը, որ Գերմանիան ԵՄ այն 6 երկրների շարքում է, որոնք Եվրոպական ներդրումային բանկի հետ միավորել են ջանքերը՝ ի շահ Հայաստանի Սյունիքի մարզի զարգացման»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը՝ բարձր գնահատելով հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությունը:

Ներկայացնելով տարածաշրջանային մարտահրավերները՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետեւանքով 120 հազար հայ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ: ԱԺ փոխխոսնակի խոսքով Ադրբեջանի այս գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին եւ կոպտորեն խախտում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը. «Պարո՛ն Ռոթ, սկզբում դա արհեստածին բնապահպանական ակցիայի բնույթ էր կրում, սակայն ապրիլի 23-ից Ադրբեջանն արդեն անցակետ է տեղադրել եւ պաշտոնապես շրջափակել Լաչինի միջանցքը»:

Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների մասին. «Հույս ունենք, որ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի»: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոփոխվում. օրեր առաջ սնունդ մատակարարելու ընթացքում առեւանգվել է երկու հայ զինծառայող, որոնց նկատմամբ Ադրբեջանում հարուցվել են կեղծ քրեական գործեր:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. «Մենք ջանքեր ենք գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ուղղությամբ»: ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ հայտարարել է՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ:

--00--ԶՀ