Տիգրան Ավինյանը և Լատվիայի դեսպանը քննարկել են Երևանում Լատվիայի տուն բացելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

image_750x_64809567c615c.jpg

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին: 

Ողջունելով հյուրին՝ փոխքաղաքապետ Ավինյանը նախ առանձնակի կարևորել է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթների վերականգնումը՝ ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար առկա է լայն դաշտ և կա անհրաժեշտություն՝ նոր թափ հաղորդելու երկուստեք հարաբերություններին: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպանն իր հիացմունքն է արտահայտել Երևանի հարմարավետության ու մատուցվող ծառայությունների որակի առնչությամբ: Էդիտե Մեդնեն  նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու քույր-քաղաքների միջև մշակութային և տնտեսական կապերի զարգացման հարցում: 

Հանդիպման օրակարգում է եղել նաև Երևանում Լատվիայի տուն բացելու նախագծի իրականացումը: Կողմերը փաստել են, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, նորարարությունների ու գիտության ոլորտում գործակցության համար:

--00--ԶՀ