Լավագույն դեպքում Երիտասարդական պալատը 2 տարի անց կառուցված կլինի․ «Ապրելու երկրի» նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հունիսի 6-ին Բաղրամյան 6 հասցեում երևանցիներին ու երևանաբնակներին մեկ հարկի տակ համախմբել էր Երիտասարդության պալատը, նույն ինքը՝ «Կուկուռուզնիկը»։ Երիտասարդության պալատը վերականգնվում է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնադիրներն ու միջոցառման նախաձեռնողներ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան ՀԿ»-ն հայտարարել են՝ կառույցը կվերականգնվի նույնությամբ ու նույն վայրում։ Նրանք, ովքեր մասնակցում էին միջոցառմանը, հնարավորություն ունեին սեփական պատկերացմամբ նկարել ու գունավորել Երիտասարդական պալատն ու Մայր Հայաստանը։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ նկարեց իր պատկերացրած Երևանն ու գույնները։ «1970 թվականին կառուցված և 2006 թվականին քանդված Երիտասարդության պալատը ոչ միայն Երևանի գույնն ու հոգին էր, այլև՝ ճարտարապետական եզակի նմուշ, իր ժամանակի մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը։

Տարիներ անց պալատը նույնությամբ, բայց ավելի ժամանակակից ու նոր սերնդի երիտասարդների պահանջներին համապատասխան հայեցակարգով կվերադարձվի Երևանին։ Դրա հետ մեկտեղ երևանցուն կվերդարձվի իր արժեքավոր ժառանգությունն ու խոցված արժանապատվությունը»,- նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը հղելու և դրանց պատասխանները ստանալու։ Հատկանշական է, որ ներկա էին այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կյանքի սիրուն տարիներ առաջ գտել են հենց «կուկուռուզնիկում» և այսօր նրանց համար Երիտասարդական պալատի վերականգնումը մեծ նվեր է վերադառնալու իրենց կյանքի ամենագեղեցիկ ու լուսավոր օրերի վայր։ Ռոք երաժշտության մշակույթը Երևան բերած Երիտասարդության պալատի վերականգնմանը նվիրված միջոցառումը չէր կարող չանցնել առանց ժամանակակից ռոք համերգի։ Երեկոյի ավարտին «ՆԵՄՐԱ» ռոք-խումբը բազմապատկեց բոլորի էմոցիաներն ու բարձր տրամադրությունը։

Մանրամասները 24News-ի ռեպորտաժում:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ