ՀՀ-ն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, սարքավորումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

1112800

Հայաստանն այս տարվա հունվար-ապրիլին արտահանել է 2 մլրդ 158 մլն 463.4 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 անգամ, ամենամեծ ծավալի արտահանումն իրականացվել է Ռուսաստան: Իսկ ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, ապա արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունեն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Այս տարվա առաջին 4 ամսում դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1 մլրդ 109 մլն 873.2 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.8 անգամ, իսկ դեպի ԵՄ երկրներ՝ 234 մլն 989.7 հազար դոլար, նախորդ տարվա առաջին 4 ամիսների նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 9.5 տոկոսով:

Ամենամեծ ծավալի արտահանում իրականացվել է Ռուսաստան՝ 1 մլրդ 64 մլն 44.8 հազար դոլարի, ինչը 2022-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ ավելացել է 3.8 անգամ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանը ԱՄԷ է արտահանել 372 մլն 641.8 հազար դոլարի ապրանք, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8.9 անգամ է: Երրորդ տեղում Չինաստանն է, Հայաստանից Չինաստան արտահանումն այս տարվա չորս ամիսներին կազմել է 135 մլն 017.4 հազար դոլար՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.1 տոկոսով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ