ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Գրիգոր Լուսավորչի վրա ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց, հայտնում է է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ․
«Այսօր առավոտյան ՆԳ նախարար Վահե Ղազարյանի` ավտոշարասյունով տանից գործի գնալու համար ոստիկանությունը մասնակի փակեց Գրիգոր Լուսավորչի փողոցը` ստեղծելով վթարային իրավիճակ։
Ոստիկանների այս գործողությունների արդյունքում վթարից խուսափող վարորդները սկսեցին շղթայաբար վերադասավորվել դեպի ձախ, ինչը փակուղի ստեղծեց ամենաձախ շարքում երթևեկող վարորդի համար, որը և վթարվեց։
Հույս ունեմ, որ ոստիկանությունը չի փորձի կոծկել այս վթարի պատճառում ՆԳ նախարարի ավտոշարասյան ուղեկցման հանգամանքը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ Ներքին գործերի նախարարությունը ավելի վաղ պարզաբանում էր տարածել՝
«Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:
Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ»։
--00--ՍՊ