Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

mikhail_galuzin_1lurer_am

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, որը հիմնված է Ռուսաստանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության վրա: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ այլ երկրներն իրենց ներդրումն ունենան հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։

«Բայց այդ ներդրումը պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով՝ հիմնվելով այն հիմնարար և սկզբունքային պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են: Ըստ այդմ, որոշ միջնորդների ջանքերը պետք է հավելյալ արժեք ավելացնեն հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթերի իրականացման տեսանկյունից»,-ասել է Գալուզինը։

ՌԴ փոխնախարարը նշել է, որ ռուսական կողմը կշարունակի ջանքեր գործադրել համապատասխան Եռակողմ հայտարարությանը՝ օգնելու լուծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը, ներառյալ՝ առաջընթացը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել Եռակողմ հայտարարությունը` տեղադրելով անցակետ Լաչինի միջանցքում և վերահսկողության տակ վերցնելով ճանապարհը, որը վերահսկվում է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։

--00—ՅՄ