ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը` բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր հատկապես Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքը։ Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում գորիսցի մի տղամարդ բաժնում հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ։
Սիսիանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում սիսիանցի մի տղամարդ բաժին էր տարել «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, տարբեր տրամաչափի 205 փամփուշտ, երեք նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և «ՎՕԳ-17» տեսակի ինքնաձիգի կրակոց: Նա հայտնել էր, որ զենք-զինամթերքը 1994-ին գտել էր Ջրականի գյուղերից մեկի կիսաքանդ տնից, տեղափոխել էր Հայաստան և պահում էր իր այգում: Իսկ Սիսիանի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ է թողել Սիսիանի վարչական տարածքի էլեկտրաենթակայանի ցանկապատի մոտ: Ինքնաձիգը նշված վայրում հանտնաբերվել է:
Ոստիկանության Աշտարակի բաժնի և ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում բաժին զանգած տղամարդը հայտնել էր, որ Աշտարակ քաղաքի ՃՈ անշարժ պահակակետի հետնամասում թողել է ատրճանակ-գնդացիր և փամփուշտներ, որոնք նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են: Բացատրական աշխատանքի արդյունքում Արագած գյուղի մի բնակիչ էլ ոստիկանության Ապարանի բաժին է հանձնել որսորդական երկփողանի ողորկափող հրացան:
Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում հանձնել է նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ինքը գտել է անասնագոմի տանիքում մաքրման աշխատանք կատարելիս:
Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է զանգել 44-օրյա պատերազմի մասնակից մի տղամարդ և հայտնել, որ Ակնալիճ գյուղի գերեզմանատան հարակից կիսակառույց շինությունում զենք-զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 15 փամփուշտով:
Ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի և Մասիսի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Մասիսի բաժնում մասիսցի մի տղամարդ հանձնել է ակոսափող հրազեն, 1 նռնակ՝ պայթուցիչով, և 7,62 մմ տրամաչափի 64 փամփուշտ:
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին էլ հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Չարենցավանի գերեզմանատան հարակից տարածքում: Նշված վայրում Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ:
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
--00--ԶՀ