ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
2023 թվականի հունիսի 9-ին «Hraparak.am» կայքում հրապարակված և տարբեր այլ լրատվամիջոցների կողմից տարածվող «Կասկածելի տենդեր` հայտնի արդյունքով» հրապարակումն ունի որոշակի պարզաբանումների անհրաժեշտություն, որոնք նպատակ ունեն հստակ ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտեի կողմից տեսախցիկների ձեռք բերման ուղղությամբ իրականացված ողջ մանրամասները՝ անթույլատրելի համարելով համակողմանի քննարկումների ու վերլուծությունների արդյունքում կազմակերպված մրցութային գործընթացի վերաբերյալ չճշտված տեղեկությունների հրապարակումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։
Նախ հարկ է տեղեկացնել, որ ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) 2023 թվականի մարտի 31-ին կինոխցիկների (տեսաձայնագրման սարքերի) ձեռք բերման նպատակով էլեկտրոնային աճուրդ համակարգի միջոցով հրապարակել է թիվ «ՀՀ ՔԿ ԷԱՃԱՊՁԲ-ՏՁՍ-23/1» ծածկագրով գնման ընթացակարգի հրավեր, որում (ի թիվս այլ տեղեկությունների) ներառված է եղել նաև գնման առարկայի համապատասխան տեխնիկական բնութագիրը` հասանելի լինելով բոլոր հետաքրքրվողների համար. մրցութային գործընթացը կազմակերպվել է էլեկտրոնային համակարգի միջոցով և չէր կարող որևէ դետալ ուշացած կերպով մատուցվել որևէ հետաքրքրվողի:
Աճուրդի արդյունքում հայտեր են ներկայացրել թվով 5 (հինգ) կազմակերպություններ՝ «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ն, «ԻՏ ՊՐՈՋԵԿՏՍ», «ՊՐԵՄԻՈՒՄ ՔՈՒԱԼԻԹԻ» ՍՊԸ-ն, «ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ն և «ԱԼԻԿԱՆՏԵ» ՍՊԸ-ն:
Էլեկտրոնային աճուրդ համակարգի կողմից «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ն համարվել է առաջին տեղ զբաղեցրած մասնակից, սակայն վերջինիս ներկայացրած հայտի ուսումնասիրության արդյունքում գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ն էլեկտրոնային աճուրդ համակարգի միջոցով չի կցել համապատասխան չափով հայտի ապահովումը (կանխիկ գումարի վճարման անդորրագրի կամ բանկային երաշխիքի ձևով, ինչի բացակայությունը, «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության համաձայն, հիմք է հայտը մերժելու համար): Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 40-րդ կետի 4-րդ ենթակետի և տվյալ ընթացակարգի հրավերի 7.1 կետի պահանջները, մերժել է «ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ի հայտը, և գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած:
Այնուհետև, հիմք ընդունելով գնման հրատապությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով 2023 թվականի հուլիսի 1-ից քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման պահանջ), որոշում է կայացվել կինոխցիկների (տեսաձայնագրման սարքերի) ձեռք բերումն իրականացնել հրատապ բաց մրցույթ գնման ձևի կիրառմամբ ու նույն տեխնիկական բնութագրի պահպանմամբ, և 2023 թվականի մայիսի 5-ին հրապարակվել է երկրորդ մրցույթը` թիվ «ՀՀ ՔԿ ՀԲՄԱՊՁԲ-ՏՁՍ-23/1» ծածկագրով: Մրցույթի արդյունքում հայտ է ներկայացրել մեկ մասնակից՝ «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍՊԸ-ն, որի առաջարկած գինը կազմել է 167 640 000 (հարյուր վաթսունյոթ միլիոն վեց հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:
Գնահատող հանձնաժողովի կողմից «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍՊԸ-ի հայտը գնահատվել է բավարար, քանի որ ներկայացված փաստաթղթերը բավարարել են հրավերի պահանջներին, ինչպես նաև մասնակցի կողմից ներկայացված, առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրում ներառված որոշ չափորոշիչներ գերազանցել են հրավերով նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրի` նվազագույն պահանջներին:
Տեսախցիկի՝ տեխնիկական բնութագրով նախատեսված տեսաձայնագրման 1400 հորիզոնական անկյուն ունենալու պահանջը պայմանավորված է տարբեր իրավիճակներում (ինչպես աշխատասենյակային, այնպես էլ՝ բաց տարածություններում) քննչական գործողությունների իրականացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև՝ այդ իրավիճակներում քննչական գործողությունների նկարահանվող տեսանյութի մոդելավորմամբ, դատավարության բոլոր մասնակիցների (հարցաքննվող անձ, թարգմանիչ, փաստաբան և այլն) տեսանկարահանվող նյութում ընդգրկման պարտադիր պահանջով և այլն:
Հարկ ենք համարում նշել, որ թիվ «ՀՀ ՔԿ ՀԲՄԱՊՁԲ-ՏՁՍ-23/1» ծածկագրով մրցույթի արդյունքում տեսաձայնագրման 1400 հորիզոնական անկյան վերաբերյալ էլեկտրոնային «armeps» համակարգի միջոցով օրենքով սահմանված կարգով հարցումներ չեն եղել: Ավելին, թե՛ առաջին, թե՛ երկրորդ մրցույթում 1400 հորիզոնական անկյան վերաբերյալ պահանջը եղել է նույնը և չի փոփոխվել:
Միաժամանակ հայտնում ենք նաև, որ տեխնիկական առաջադրանքներն անցել են բազմակողմանի քննարկումների փուլ և հաշվի են առնվել համապատասխան պետական մարմինների և շահագրգիռ այլ կազմակերպությունների` տեխնիկական մասնագետների կողմից ներկայացված բոլոր առաջարկություններն ու նկատառումները, ինչպես նաև տեխնիկական պայմանները մշակվել են համատեղ քննարկումների արդյունքում, ինչն էլ դրվել է մրցույթի հիմքում:
Ներկայում գնման գործընթացը գտնվում է մատակարարման փուլում, և արդյունքում կազմակերպվելու է պայմանագրով սահմանված տեխնիկական նկարագրին համապատասխան ապրանքի ընդունման գործընթացը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
--00—ՅՄ