Լյուքսեմբուրգի ավագանու ընտրություններին առաջին անգամ կմասնակցի ազգությամբ հայ թեկնածու․ «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

12373e83-0969-4cfd-b04a-a41a7c3376ba.jpg

Լյուքսեմբուրգ քաղաքում հունիսի 11-ին տեղի ունենալիք ավագանու ընտրություններին առաջին անգամ կմասնակցի ազգությամբ հայ թեկնածու․ «Fokus» կուսակցության կողմից առաջադրվել է Տաթև Մանուկյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տաթև Մանուկյանն ընդգծեց, որ  Լուքսեմբուրգի տարբեր համայնքներում և մայրաքաղաքում անցկացվելու են համայնքային ավագանու ընտրություններ, որը ըստ նրա՝ պատմական է լինելու, քանի որ առաջին անգամ առաջադրվել է ազգությամբ հայ թեկնածու։ Այս ընտրություններին քվեարկելու իրավունք են ունենալու նաև Լյուքսեմբուրգի քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ունեն բնակության իրավունք։ 

Մանուկյանն ընդգծում է, որ Լյուքսեմբուրգում բնակվողների 50 տոկոսից ավելին  քաղաքացիներ չեն, իսկ Լուքսեմբուրգ քաղաքում՝ բնակչության 70 տոկոսից ավելին են ոչ քաղաքացիներ: Սա ենթադրում է, որ մինչև  այս որոշումն ընտրություններին մասնակցել և քվեարկել է  բնակչության ընդամենը 30 տոկոսը: 

«Ես ընդգրկված եմ Լյուքսեմբուրգ  քաղաքի ավագանու ընտրացուցակում: Ընտրությունների արդյունքում  պետք է ընտրվի ավագանու 27 անդամ: Քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություններ և մի շարք անկուսակցական թեկնածուներ: Առաջադրվել եմ «Fokus» կուսակցության կողմից, որը հիմնադրվել Ֆրանկ Էնգելի կողմից»,- նշեց նա:

Տաթև Մանուկյանը, ով 2020-2022 թվականներին եղել է Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսը, նշեց, որ այս տարիներին գործունեություն է ծավալել հայ համայնքը Լյուքսեմբուրգի բազմազգ ու բազմատեսակ հասարակությանը միմյանց կապելու և ինտեգրելու ուղղությամբ:

«Պետք է առանձնահատուկ նշեմ, որ այստեղ հայ համայնքը միայնակ չէ, մեր կողքին կան ընկերներ տարբեր ազգություններից, այդ թվում՝ լյուքսեմբուրգցիներից, ու սա հենց այն է, ինչին ես այս տարիներին ձգտել եմ հասնել։ Այսինքն,  հայ համայնք ներգրավել մեր ոչ հայ ընկերներին: Այժմ նաև համայնքում ստեղծել ենք ասոցիացիա, որի շնորհիվ բացել ենք հայկական շաբաթօրյա դպրոց, երգչախումբ,  ինչպես  նաև իրականացնում ենք  տարբեր մշակութային միջոցառումներ»,- ասաց նա:

Թե ինչի համար է ներգրավվել քաղաքականության մեջ, ավագանու թեկնածուն նշեց, Լյուքսեմբուրգում բնակչության մոտ 50 տոկոսից ավելին օտարազգիներ են, և շատ  կարևոր է, որ նրանք ևս ներգրավվեն  տարբեր իրադարձությունների և մասնակցեն ունենան քաղաքական գործընթացներին:

Նա նշել է, որ իր ներգրավվածությունը Լյուքսեմբուրգի քաղաքական կյանքում առաջին հերթին կարևորում է այն տեսանկյունից, որ ինքն օտարազգի է։ Երկրորդը՝ հայկական համայնքը շատ կարևոր դեր ունի Լյուքսեմբուրգի հասարակական կյանքում, ուստի իր մասնակցությունն առաջիկա ընտրություններին կարևոր է նաև նրանով, որ ինքը ներկայացնում է հայկական համայնքը։

«Այստեղ են ապրում շատ կայացած, իրենց ոլորտներում հայտնի, աշխատասեր և տեղի հասարակությունում ներգրավված մարդիկ: Լյուքսեմբուրգում իմ գործունեությունը հայ համայնքի հետ կապված իրականում ոչ մի առումով չի փոխվելու, քանի որ ակտիվ եմ եղել մշտապես և նույն կերպ էլ շարունակելու եմ և՛ ընտրվելու, և՛ չընտրվելու պարագայում: Ու պետք է ուրախությամբ նշեմ, որ  համայնքում մենք թիմ ունենք,  միմյանց շատ օգնում ենք ու ամեն ինչ կազմակերպում ենք միասին»,- ասաց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ ընտրվելու դեպքում իր ներգրավվածությունը տարբեր հասարակական ու քաղաքական նախաձեռնություններում շատ ավելի մեծ կլինի, ինչը կօգնի հայկական համայնքը առավել ներգրավել լյուքսեմբուրգյան իրականությանը և հակառակը:

Տաթև Մանուկյանն առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու պարագայում նախատեսում  է որոշ մշակութային ծրագրեր իրականացնել Հայաստանի հետ։

«Սեպտեմբերից կսկսենք  և կունենանք Արցախի վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն: Մեկն արդեն կայացել է,  և ինձ համար շատ կարևոր էր այն, որ լսարանի կեսից ավելին ազգությամբ հայեր չէին: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր մշակույթը տանել  դեպի հայ համայնքի կողքին ապրող հասարակություն: Պատերազմի օրերին, երբ ես Լյուքսեմբուրգում պատվո հյուպատոսն էի, դեսպանատան թիմի հետ ամբողջությամբ մեր գործունեությունը ուղղեցինք Արցախի հարցը բարձրացնելուն և կարողացանք հասնել նրան, որ խորհրդարանում երկու բանաձև ընդունվեց: Մենք այժմ էլ շարունակում ենք մեզանից կախված ամեն բան անել այդ ուղղությամբ»,- ընդգծեց նա:

---00--ԶՀ