Թորոսյանն ասում է՝ ծխելը արգելեք, հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հիմա հավաքի․Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ, որ ծխախոտի գինը բարձրանա, սակայն ընդգծում է, որ դա պետք է արվի աստիճանաբար:

Մարտի 23-ին վարչապետը համապետական շաբաթօրյակի շրջանակներում հավաքում էր տարածքում թափված ծխախոտի ծխուկները և այդ ընթացքում նա հիշեց ծխելու դեմ պայքարող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Հիմա ուղիղ եթերով նայում ու ասում է, որ այդքան ասում եմ ծխելն արգելեք, այ այդպես, դե հավաքե՛ք»,- կատակեց Փաշինյանը:

Լրագողի հարցին` թե դե՞մ է արդյոք, որ ծխախոտի գինը բարձրանա, Փաշինյանը պատասխանեց.

«Ոչ, ես դեմ չեմ, որ ծխախոտի գինը բարձրանա: Ծխախոտի գինը արդեն իսկ բարձրանալու է: Խոսքը տեմպերի մասին է: Պարոն Թորոսյանը ցանկանում է, որ միանգամից գինը բարձրանա, սակայն պետք է հնարավորինս աստիճանաբար և բալանսավորված այդ գործընթացը արվի»,- ասաց նա և ավելացրեց. «Ես իմ տեսակետն ունեմ, ինքը՝ իր տեսակետը»: