Տոկաևը ստորագրեց Աստանան Նուրսուլթան անվանափոխելու մասին հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

նուրսուլթան

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ղազախստանի ժամանակավոր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան անվանափոխելու հրամանագիրը։ Որոշումն ուժի մեջ կմտնի  դրա հրապարակումից հետո:

Քասիմ Ժոմարտ Տոկաևը երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Աստանան վերանվանելու առաջարկն արել էր մարտի 20-ին։ Նույն օրը երկրի խորհրդարանն ընդունել էր որոշումը:

Gopetition.com կայքում, սակայն, որոշման հրապարակումից հետո խնդրագիր էր հայտնվել, որի հեղինակները պահանջում են Աստանան Նազարբաևի պատվին Նուրսուլթան չվերանվանել: Մարտի 22-ին մայրաքաղքում ցույցեր են եղել, որի ժամանակ ոստիկանները ձերբակալել են ակտիվիստների։

Արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Աստանան Նուրսուլթան անվանափոխելու որոշումը չի խախտում օրենքը: