Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

տերմինալ

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի Լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։

Ոստիկանները նշված լճակի մեջ հայտնաբերել են վճարային տերմինալ և այն դուրս բերելու համար դիմել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը։

Օպերատիվորեն ժամանել են հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները, որոնք ջրասուզակի օգնությամբ ու ճոպանի միջոցով վերամբարձ կռունկով վճարային տերմինալն այնտեղից դուրս են բերել։

Ըստ աղբյուրի՝ նշված տերմինալն այս տարվա մարտի 13-ին անհայտ անձը կամ անձինք գողացել էին Նոր Նորք վարչական տարածքից։

Փաստի առթից ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։