Դեմ չեմ, որ ապրիլին նշանակեք քաղաքացու օր, բայց ապրիլին կա շատ կարևոր օր․ նամակ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 23, 24News

default

Պարոն վարչապետ, ապրիլին Դուք նշանակում եք քաղաքացու օր, լավ եք անում, ես ինքս դեմ չեմ, բայց ապրիլ ամսում կա շատ կարեւոր օր, որի մասին չեք խոսում եւ չեք հայտարարում, որ օրինակ ապրիլի 2-ն էլ կարելի է հայտարարել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում նշել է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը:

Facebook-ի իր էջում հրապարակած բաց նամակում, նաեւ ասվում է.

«Ապրիլյան պատերազմում զոհված անմահ հերոսների շնորհիվ է, որ կարողանում ենք քաղաքացու օր ունենալ,, ապրիլյան պատերազմի մասնակցած անմահ հերոս տղաների շնորհիվ է, որ հեղափոխություն անելու հնարավորություն ստացանք։ Տղաներ իրենց կյանքի գնով պայքարեցին ՀՀ քաղաքացու համար եւ կարծում եմ, որ արժանի են պաշտոնապես իրենց հիշատակը հարգելու օր ունենալ,եւ ազգով այդ օրը պետք է հարգանքի տուրք մատուցենք մեր անմահ հերոսներին։ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների մեծ մասը Եռաբլուրում հուղարկավորված չեն, բայց կարելի է գոնե մի առանձին հուշապաստառ կառուցել, որտեղ մարդիկ կգնան եւ հարգանքի տուրք կմատուցեն այն հերոսների համար, ովքեր Եռաբլուրում հուղարկավորված չեն։ Այսպիսի խիստ կարեւոր հարցերի վերաբերյալ անգամ չնչին ուշադրություն չկա, դա շատ վիրավորական է մեզ համար։ Վերջին 20 տարիների ընթացքում Հայ ազգը ամենամիասնականը եղել էր ապրիլյան պատերազմի օրերին, որին հաջորդեց նաեւ հեղափոխությունը։ Նույն հեղափոխության օրերին ես, իմ թիմակիցները ու շատ ապրիլյան պատերազմի մասնակիցներ դուրս եկանք փողոց, հանուն մեր ժողովրդի ու պետության անվտանգության։ Հեղափոխության անցնցում կայացման գործում մենք ունեցանք մեր համեստ, բայց հզոր ազդեցությունը, մեզ պետք չի , որ դրա մասին հիշեք, խոսեք, գնահատեք, մեզ պետք է, որ գոնե մեր անմահ հերոսների հիշատակը վառ պահեք։ Ինքս ինձ համար սկզբունքային որոշում էի կայացրել, որ մեր պայքարը չի սահմանափակվելու միայն առաջնագծի խրամատներով, մեր պայքարը լինելու է ամենուր եւ ամեն ձեւ։ Հիմա այս բաց նամակով դիմում եմ Ձեզ եւ խնդրում, որ հաշվի առնեք այս ամենը, մենք ցանկանում ենք , որ հստակ լուծումներ առաջարկվի ներկայացված հարցերի վերաբերյալ։ Սիրելի՜ հայրենակիցներ, նաեւ տեղեկացնեմ, որ անկախ նրանից, թե պետական մակարդակով ոնց կվերաբերվեն ապրիլի 2֊ին , մենք մեր թիմով այդ օրը ժամը 11։00 Եռաբլուրի ներքեւի մուտքի մոտից քայլերթով կբարձրանանք եւ հարգանքի տուրք կմատուցենք մեր անմահ հերոսների հիշատակին։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ։

Հարգանքներով Մանուել Մանուկյան»: