Չինաստանի քիմիական գործարանում հզոր պայթյունից զոհերի թիվը հասել է 64-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Չինաստանի քիմիական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի, 28 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Յանչեն քաղաքի ղեկավար Ցաո Լուբաոն:

Ներկայում հնարավոր է պարզել մահացածների միայն 26-ի ինքնությունը: Հաղորդվում է, որ 21 վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում է, 73-ը՝ ծանր: Լուբաոն խոսել է նաև մյուս վիրավորների մասին, որոնց մոտավոր թիվը, տեղի իշխանությունների տվյալներով, անցել է 600-ի սահմանը:

«Մեր տվյալներով՝ քաղաքի 16 բժշկական հաստատություններ 617 մարդ է դիմել, նրանցից 523-ը թեթև վնասվածքներ է ստացել»,- ասել է նա:

Նա նաև հայտնել է, որ ներկայում 143 մարդ բժշկների ստացիոնար հսկողության տակ է գտնվում, փոխանցում է  ՌԻԱ Նովոստի  գործակալությունը։