ՀՀ նախագահը կազմակերպել է Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը նրա փոքրիկ երկրպագուի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։ 

Երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Սարգսյանն այցելել էր Գյումրի, քաղաքի կենտրոնում շրջելիս պատահաբար ականատես էր դարձել մի նկարահանվող ֆիլմի աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի և Մանվելի հետ: Նկարահանման հրապարակից ջերմ զրույցն այնուհետև տեղափոխվել էր մոտակա սրճարան:

1

Ինչպես պարզվել էր, Մանվելը ֆուտբոլ շատ է սիրում և հատկապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ջերմ երկրպագուն է: Իմանալով Մխիթարյանի հետ հանդիպելու՝ փոքրիկ Մանվելի վաղեմի ցանկության մասին, նախագահ Արմեն Սարգսյանը խոստացել էր նրան այդպիսի հնարավորություն ընձեռել:

1

Եվ ահա Հանրապետության նախագահի նստավայրում այսօր այդ հանդիպումը կայացել է:

«Երբ ես Մանվելին հարցրեցի, թե որն է նրա երազանքը, ասաց՝ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ՝ Հենրիխ Մխիթարյանի նման»,- Մանվելին ու Հենրիխին այսպես է ծանոթացրել նախագահ Սարգսյանը:

1