Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ բողոքը քննվեց դռնփակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քննում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ գործով մեկ այլ մեղադրյալ Արաքս Դիլանյանի ներկայացրած բողոքը։

Նրանք վիճարկում են հարցը, թե արդյոք իրավաչափ են նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վարույթը նորոգելը, որոնց հիման վրա դատախազությունը 2018 թվականի հունիսին վերացրել է 2017 քրեական գործով անցնող անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործով վարույթը կարճելու որոշումը։ 

Այսօրվա դատական նիստը մեկնարկեց ուշացմամբ՝ քննիչը դատական նիստից ուշացել էր։

Վերջինս դատարան գալով պնդեց, որպեսզի նիստի ընթացքը շարունակվի դռնփակ դատական նիստում, քանի որ ուսումնասիրվելու են նոր երևան եկած հանգամանքները, որոնք էլ հիմք են դարձել այս գործը վերաբացելու համար։

Մինչդեռ պաշտպանական կողմը դեմ էր այս որոշմանը, այնուամենայնիվ դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ 
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս