ՔԿ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Քննչական կոմիտե

ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին:

Ողջունելով հյուրերին՝ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԵԽ-ի երևանյան գրասենյակի հետ ինտենսիվ և արդյունավետ համագործակցությանը:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝  նախկինում համատեղ իրականացված ծրագրերի համար և հայտնել իր պատրաստակամությունը՝ համագործակցությունը խորացնելու և ծրագրերը նոր թափով շարունակելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր կողմից  նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մշակված մի շարք ծրագրեր, որի իրականացումն այս պահին ընթացքի մեջ է:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ողջունել է ՔԿ նախագահի ներկայացրած ծրագրերը և հայտնել իր անվերապահ աջակցությունը դրանց իրականացման ընթացքում:

Հանդիպման ընթացքում  ԵԽ պատվիրակության ղեկավարը ՔԿ նախագահից  հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից:

Հայկ Գրիգորյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում կալանքը՝ որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ և, ըստ այդ տվյալների, տարեցտարի նվազել է կալանավորված անձանց թիվը:

Հայկ Գրիգորյանը եվրոպացի գործընկերների մոտ շեշտել է ՀՀ քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ. «ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, լավագույն վկայությունն է այն բանի, որ ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ  իշխանությունը  կարևորում  է անձի արժանապատվությունը, և կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում»:

Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ևս մեկ անգամ  իր պատրաստակամությունն  է հայտնել՝ աջակցել Կոմիտեի կողմից իրականացվելիք ծրագրերին և նշել, որ բարձր է գնահատում  Քննչական կոմիտեի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը, քրեական գործերի քննության, դրանց արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ձեռնարկվող քայլերը: