ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

վահ

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցությունը, որը սկիզբ է առել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։

Նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին՝ այդ գործընթացում կարևորելով միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության դերը։

Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ողջունել ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները, նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեփոխումների գործընթացին։

Խոսելով  ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների մասին՝ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ մեծ ծավալով իրականացվում են նախարարության ձևավորմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ կանոնադրության հաստատում, հաստիքների համալրում  և այլն։

Նա նաև նշել է, որ կառուցվածքը ձևավորելիս  ուշադրություն է դարձվել հանրային ծառայություններին, որոնք մատուցվում են քաղաքացիներին, և մինչև տարեվերջ կավարտվեն համալրման աշխատանքներն ու նախարարությունը ամբողջ ծավալով կկարողանա գործարկվել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաև մասնագետների փորձի փոխանակմանը և վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու ձևավորված սերտ համագործակցությունը։

--00—ԼՀ