Ավստրիայի կանցլերը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 30, 24News

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Փաշինյանը և  Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն հետագա ակտիվ երկխոսությունը` նոր թափ հաղորդելու հատկապես տնտեսական գործակցությանը, առևտրաշրջանառության ծավալների աճին:

Սեբաստիան Կուրցը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները և նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հայաստանի բարեփոխումների օրակարգն արդյունավետորեն առաջ մղելու նպատակով: Այդ առումով, կողմերը կարևորել են նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացումը և ԵՄ անդամ պետությունների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում այդ համաձայնագրի վավերացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Վիեննայում ՀՀ վարչապետի և  Ադրբեջանի նախագահի հանդիպմանը: