ՀՀ-ում «Մանկապատանեկան գրքի շաբաթը» մեկնարկեց Դդմաշենից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

1

Այսօր առավոտյան մեկնարկեց Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց «Մանկապատանեկան գրքի շաբաթը»։ Այն հանդիսավորությամբ սկսվեց Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցից:  «Մանկապատանեկան գրքի շաբաթվա» բացման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Հայաստանի գրողների միության» նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը, «Հայաստանի գրողների միության» անդամներ ու մանկագիրներ, Դդմաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Մեծ պատիվ է մեզ համար, որ «Մանկապատանեկան գրքի շաբաթը» սկսվում է մեր համայնքից, որտեղ տարբեր ժամանակներում հյուրընկալվել են հայ անվանի գրողներ ու մտավորականներ: Հուսով եմ, որ այս նշանավոր օրն էլ կտպավորվի մեր աշակերտների հիշողության մեջ, քանի որ նրանք այս ձեռնարկի շնորհիվ հնարավորություն ունեցան կենդանի շփում հաստատելու ժամանակակից հայ գրողների հետ»,-բացման խոսքում նշեց Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը:

Այնուհետ ներկաներին  շնորհավորեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: «Ինչու մենք որոշեցինք «Մանկապատանեկան գրքի շաբաթվա» մեկնարկը տալ Դդմաշենից: Նախ, որ Դդմաշենն ունի պատմամշակութային հարուստ ժառանգություն, եւ երկրորդ, որ հայ մեծանուն գրողների ծննդավայրերը եղել են Հայաստանի գյուղերը, որտեղի միջավայրը ծնունդ է տվել գրական բարձրարժեք ստեղծագործությունների: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք մեր գրական խմբերի հետ կլինենք Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում՝ կազմակերպելով գրական շփումներ դպրոցականների եւ ժամանակակից գրողների միջեւ, պետք է խրախուսենք ընթերցասիրությունը: Մեր հայրենիքը հազարավոր տարիներ աշխարհին հայտնի է եղել իր հզոր գրականությամբ, որն այսօր մենք պետք է շարունակենք պահպանել, զարգացնել ու առաջ տանել: Մենք նախ պիտի սովորենք գնահատել մեր հոգեւոր արժեքները, ապա նոր միայն ակնկալենք, թե օտարներն ինչպես կգնահատեն դրանք»,-իր խոսքում նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

Ներկաներին իր ողջույնի ու շնորհավորանքի խոսքը հղեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Սիրելի ներկաներ, այսօր տոնական օր է մեր մարզի համար, քանի որ մենք պատիվ ենք ունեցել՝ առաջինն ընդունելու «Մանկապատանեկան գրքի շաբաթը»: Դրա համար ուզում եմ մեր մարզի անունից շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին ու գրողներին, ովքեր այսօր հյուրընկալվել են այս հարկի ներքո: Անշուշտ, այս նախաձեռնությունը մեզանում մշակութային կյանքն աշխուժացնելու վառ օրինակ է: Մեզանում կուտակված սոցիալ-տնտեսական բազմապիսի խնդիրների կողքին համահավասար մենք կարեւորում ենք մշակութային կյանքի զարգացման խնդիրը: Այս օրը, համոզված եմ, հիշարժան օր կլինի մեր դպրոցականների կյանքում՝ նրանց մղելով ընթերցասիրության: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում դպրոցականներին՝ անպայման կարդալ թե դասական, թե ժամանակակից գրողներին, որքան էլ որ մեր օրերում զարգանում են տեխնիկական միջոցները: Միշտ սիրեցեք գրքերը, դրանք ձեզ շատ կօգնեն կյանքում»,-իր խոսքում նշեց մարզպետը:

Ներկաներին ողջունեցին նաև ՀԳՄ Գեղարքունիքի բաժանմունքի նախագահ Տիգրան Նիկողոսյանը, Դդմաշենի գրադարանավար, գրասեր Ֆլորա Գրիգորյանը, հանդիսությանը ներկա մի խումբ մանկագիրներ: